×

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՌԵԿՈՒՐՍԻԱ

«ՌԵԿՈՒՐՍԻԱՆ» հիբրիդային գեղարվեստական նախագիծ է, որն ուսումնասիրում է ինստիտուցիոնալ հիշողության, իներցիայի և ժամանակակից արվեստի «մուզեյիֆիկացման» աբսուրդը։ Այն սկիզբ առավ որպես ֆիզիկական ինտերվենցիա և իր շարունակությունը գտավ թվային հարթակում՝ որպես ցանցային արվեստի (Net Art) ստեղծագործություն։

ԿՈՆՏԵՔՍՏ

1988 թվականի հոկտեմբերի 23-ին Նկարիչների միության «Աշնանային ցուցահանդես»-ի բացումը ընդհատվեց անձայն թափորի անակնկալ հայտնությամբ. երիտասարդ արվեստագետների մի խումբ՝ կենդանի մեռյալների հանդերձանքով, անցնելով ցուցահանդեսի մի սրահից մյուսը, դուրս էր գալիս առանց խոսքի։ Արարքը արտահայտում էր մի պարզ միտք. պաշտոնական արվեստը «մեռած» է։ Այս ինտերվենցիան այդ օրից ի վեր դարձավ հայկական փերֆորմանսի պատմության կարևոր ուղենիշներից մեկը։

2025 թվականի դեկտեմբերի 5-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտը կազմակերպել էր «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ` «Պաշտոնական արվեստը մեռել է» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է 1988 թվականի հոկտեմբերի 23-ին կայացած նշանավոր պերֆորմանսին:

2025 թվականի դեկտեմբերի 7-ին «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյան աշխարհից» կամ` «Պաշտոնական արվեստը մեռել է» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում լեգենդար փերֆորմանսի մասնակից արվեստագետների հետ, որի ընթացքում նրանք վերհիշում էին փերֆորմանսի մասին իրենց հիշողությունների հիման վրա նկարահանված նոր վավերագրական ֆիլմը։

ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ.
Կուռքեր չշինես քեզ համար

Նախագծի մեկնարկային կետը 1988 թվականի խորհրդանշական ակցիան է, որն ազդարարում էր նախկին կարծրացած համակարգի վախճանը։ Սակայն 2025 թվականի հեռանկարից մենք արձանագրում ենք ժամանակի դաժան հեգնանքը․ Երբեմնի հեղափոխականները այսօր զբաղված են ինքնահուշարձանացմամբ և անցյալի անվերջ վերաշրջանառմամբ։

Մեր քննադատությունն ուղղված է արվեստի ինստիտուցիոնալ համակարգին ընդհանրապես․ մինչդեռ հենց այսօր արարող արվեստագետների մեծամասնությունը անհուսորեն պայքարում է տեղեկատվական աղմուկի մեջ սեփական ձայնը մի փոքր ավելի լսելի դարձնելու համար, արվեստի ինստիտուտներն իրենց հերթին աղմուկ են գեներացնում՝ անցյալի կուռքեր կերտելով։ Միջինացված հաղորդագրությունը, որ հանրությունը ստանում է հիշողության պահպանման նրանց ծիսակարգերից, այն է, որ «Իրական, արժեք ունեցող արվեստը երեկվա արվեստն է»։

ՆՈՐ ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ

«ՌԵԿՈՒՐՍԻԱ» նախագծի մեկնարկը տրվեց 2025 թվականի դեկտեմբերի 7-ի վերոնշյալ հանդիպման ժամանակ․ մի խումբ արվեստագետներ պարզ A4 ֆորմատի թղթերով մտան Ժամանակակից արվեստի ինստիտուտ, փակցրեցին դրանք ինստիտուտի նախասրահի ոլորաձև աստիճաններին հարող պատին՝ ամեն հաջորդ թերթիկը նախորդից բարձր, ապա, (անտեսելով հանդիպմանը մասնակցելու հրավերը) առանց որևէ մեկի հետ կոնտակտի գնալու, լքեցին շենքը։

A4 ֆորմատի թղթերը կազմված էին հետևյալ տեքստային ալգորիթմով․ առաջին թերթիկի վրա գրված էր լեգենդար փերֆորմանսի իրականացման թվականն ու անվանումը։ Երկրորդ թերթիկի վրա գրված էր 2025 թվականի ցուցահանդեսի անվանումը, որը հղվում էր 1988-ի փերֆորմանսին։ Յուրաքանչյուր հաջորդ թերթիկը տեղեկացնում էր նոր միջոցառման մասին, որը հղվում էր բոլոր նախորդ միջոցառումներին՝ ստեղծելով իրարից բխող միջոցառումների ռեկուրսիվ շղթա մինչև 2125 թվականը։

Օրինակ՝ 2050 թվականի ցուցահանդեսը նվիրված չէ 1988-ին, այլ նվիրված է 2040-ի պերֆորմանսին, որը հղում էր 2030-ին... և այլն ։ Սա ցույց է տալիս, որ իմաստը գնալով նոսրանում է։ 2050-ին ոչ ոք չի հիշում բուն 1988-ը, բոլորը հիշում են միայն դրա մասին եղած նախորդ հիշատակումը։

A4 ֆորմատի թուղթն ընտրված էր որպես բյուրոկրատիայի լեզու։ Դա գրասենյակային, պաշտոնական «Օրակարգերի», «Ժամանակացույցերի» և հաշվետվությունների ֆորմատն է, որ կոչված էր արվեստի տարածքը վերածելու «տեղեկատվական տախտակի», որը դիտողին հրամցնում է ապագայի պլանը առաջիկա 100 տարվա համար։ Բացի դա A4 թուղթը էժանագին է և արագ։ Այն հակադրվում է ցուցահանդեսի թանգարանային «փայլին» և ինստիտուցիոնալ ծանրությանը։ Դա պոտենցիալ «աղբ» է, որը դառնում է մանիֆեստ։

ՎԻԴԵՈ ՓԱՍՏԱԳՐՈՒՄ

07.12.2025 | ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՑԱՆՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ (NET ART)

Որպես «Ռեկուրսիա» նախագծի շարունակություն և խոսափող, մենք ընտրել ենք Net Art-ը և թվային ալգորիթմները՝ ստեղծելով այս կայքը, որտեղ.

  • Պատմությունը մեխանիկական է. Ալգորիթմը ավտոմատ գեներացնում է ապագան՝ 2025-ից մինչև անվերջություն, հերթափոխելով «Փերֆորմանսը» և «Ցուցահանդեսը»։ Կենդանի արվեստը (փերֆորմանս) մեռնում է և դառնում ցուցանմուշ (ցուցահանդես), իսկ ցուցահանդեսը դառնում է առիթ նոր փերֆորմանսի համար։ Սա իմաստազուրկ շրջապտույտ է։
  • Infinite Scroll (Անվերջ Սքրոլ). Խորհրդանշում է ինստիտուցիոնալ իներցիան։
  • Էնտրոպիա (Entropy). Ժամանակի հետ տեքստը երկարում, ուռճանում է՝ կլանելով նախորդ բոլոր իրադարձությունները։ Որքան խորն եք գնում դեպի ապագա (scroll down), այնքան տեքստը և թվային պատկերը «փչանում», աղավաղվում են։ Գլիչերը (glitch), թվային աղմուկը և տառասխալները ծածկում են բովանդակությունը, մինչև այն դառնում է անընթեռնելի։

«ՌԵԿՈՒՐՍԻԱ» -ն հրավեր է՝ մտածելու, թե ինչպես է արհեստականորեն պահպանվող «արդի արվեստը» վերածվում տեղեկատվական աղմուկի։

ՀԵՂԻՆԱԿՆԵՐ՝

Դավիթ Մելիքսեթյան, Աննա Աննուկ Սողոմոնյան, Սեդրակ Վելիկոդնի, Կիմա Հարությունյան

×

OPEN CALL

Լրացրեք հայտը՝ ռեկուրսիային միանալու համար։

>